Իտալացի հանրահայտ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դատապարտող «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած դիրիժորներից է: Այս տարի սեպտեմբերին նա ներկա է եղել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային, ինչի համար և ընդգրկվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»։ Իտալացի դիրիժորի` խաչատրյանական փառատոնին մասնակցությունն այս տարի անուղղակիորեն կապվեց աշխարհում տեղի ունեցող բռնությունների, ահաբեկչության հետ: Նոյեմբերի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի` Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կայացած համերգը նվիրվեց մեկ օր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Համերգից անմիջապես հետո նվագախումբը Ֆրանսիայի հրապարակում միացավ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցող հազարավոր հայաստանցիներին, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագեց Ֆրանսիայի Հանրապետության հիմնը՝ «Մարսելյոզը»։
ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ «Իրատեսի» զրուցակիցն է:
«ՄԵՐ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ՆՐԱՆՈՎ, ՈՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ՍՐՏՈՒՄ` ԲԵՅՐՈՒԹՈՒՄ»
-Դուք ղեկավարում եք Արևելքի ամենանշանավոր երաժշտական փառատոներից մեկը` «Ալ Բուստանը»։ Ի՞նչ նպատակ ունեն փառատոներն առհասարակ, և ինչո՞վ է առանձնանում Ձեր ղեկավարած փառատոնը:
-Մեր փառատոնը առանձնանում է նրանով, որ տեղի է ունենում Լիբանանի սրտում` Բեյրութում: Հինգ շաբաթ շարունակ երաժշտական գերհագեցած ծրագրերով համերգներ են լինում, ինչը հազվադեպ է պատահում անգամ Եվրոպայում: Փառատոնին մասնակցելու համար հրավիրում ենք աշխարհահռչակ մենակատարների՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երիտասարդ երաժիշտներն: Այդ կերպ երաժշտասեր հանրությունը առնչվում է նոր, թարմ, ներկայանալի անունների: Կարող եմ ասել, որ մեր և Արամ Խաչատրյանի անվան փառատոները այս առումով շատ նման են: Խաչատրյանական փառատոնին նույնպես հրավիրում են հայտնի, հատկապես երիտասարդ երաժիշտների:
-Դուք համագործակցում եք աշխարհահռչակ երգիչների, երաժիշտների հետ՝ Դոնատա Լոմբարդի, Նինո Սուրգուլաձե, Անդրեա Բոչելլի, Սերգեյ Կռիլով, Նինա Կոտովա և այլք: Ղեկավարել եք հեղինակավոր նվագախմբեր: Ի՞նչ կասեք հայ երաժիշտների հետ Ձեր համագործակցության մասին:
-Ինձ ոգեշնչում է այն, որ հայ ժողովուրդը, տվյալ դեպքում` երաժիշտները, շատ տաղանդավոր են, իրենց մեջ կա անասելի եռանդ ու պատրաստակամություն, ինչը երկուստեք երաժշտական ամուր կապ է ստեղծում:
-Հայ հանդիսատեսի արձագանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Ինձ դուր է գալիս հայ հանդիսատեսի արձագանքը: ՈՒրախ եմ, որ մեծ հետաքրքություն կա դասական երաժշտության հանդեպ: Հատկապես ուրախալի է, երբ երիտասարդներն են հաճախում համերգների: Հայ հանդիսատեսը (ինչպես մեզ մոտ` Իտալիայում) ջերմությամբ է արձագանքում համերգներին: Բեմից դու զգում ես այդ էներգիան:
-Դուք՝ որպես դաշնակահար, ելույթներ եք ունեցել Իտալիայում և այլ երկրներում, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր եք։ Համերգացանկը կարևո՞ր է հաջողության հասնելու համար: Եվ կարելի՞ է ասել, որ նախընտրած ստեղծագործությունները բնորոշում են երաժշտին:
-Իհարկե, հիմնականում ընտրում ես այն ստեղծագործությունները, որոնք մոտ են սրտիդ, արտացոլում են քո էությունը: Բայց պատահում է` ընտրում ես այնպիսի գործեր, որ ընդհանրապես կապ չունեն քեզ հետ: Կարծես մարտահրավեր ես նետում ինքդ քեզ, փորձում հաղթահարել, տվյալ ստեղծագործությունը ներկայացնել քո մեկնաբանությամբ: Բայց հայտնիության, հռչակի հետ համերգացանկը կապ չունի: Կարևորը մատուցումն է, անձի հմայքը և հանդիսատեսի արձագանքը: Արդյո՞ք հանդիսատեսն ընդունում է քեզ, ցանկանում է նորից տեսնել բեմում՝ սա է հարցը:
«ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ, ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԻՊՉՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՍՐՏԻՆ»
-«Եթե անգամ «24/04» նվագախմբի համերգը քաղաքական ենթատեքստ ունի, միևնույն է, ես չեմ վախենում ոչնչից և պատրաստ եմ լինելու հայերի կողքին: Նվագախմբի համերգը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար»,- Սերգեյ Սմբատյանի առաջարկին Դուք այսպես էիք արձագանքել` առանց հապաղելու ընդունելով այն: Հարցս հետևյալն է` ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ երաժիշտը, որ մասնակցում է նման ծրագրերի:
-Եթե այս հարցը կարող է խնդիր առաջացնել, ապա ոչ այն արտիստի համար, ով վճռել է մասնակցել նախագծին: Ես գիտեմ ճշմարտությունը և անում եմ այն, ինչ սիրտս է հուշում, ինչին համաձայն եմ: Առհասարակ արտիստը պետք է առաջնորդվի սրտի թելադրանքով, ոչ թե հաշվի առնելով, թե քաղաքական դաշտում ինչ արձագանք կունենա իր այս կամ այն քայլը:
-Ի՞նչ կարող է անել արվեստը քաղաքական շահերի, աշխարհում տեղի ունեցող ոճրագործությունների դեմ:
-Արվեստը ի սկզբանե ամեն ինչի շարժիչ ուժն է: Պետք է հավատալ, որ կարող ես ինչ-որ բան փոխել: Ես շատ եմ ուզում և ավելի քան վստահ եմ, որ «24/04» նախագիծը կշարունակվի: Այս համերգի նպատակը ոչ միայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումն էր, այլև այն շեշտադրումն ուներ, որ աշխարհում ցեղասպանություններ չլինեն այլևս: Կարծում եմ` նախագիծը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև որ հասնենք մեր նպատակին:
-Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հայկական երաժշտության մեջ տխրություն կա: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես իսկապես ասել եմ, որ հայկական երաժշտության մեջ տխրություն կա, որովհետև հայ ազգը շատ բան է տեսել դարեր շարունակ, և այդ տառապանքը ինչ-որ կերպ արտահայտվում է երաժշտության մեջ: Չէ՞ որ երաժշտությունն այն երկրի արտացոլումն է, որտեղ ծնունդ է առել: Տխրությունը, որ կա հայկական մշակույթում, անմիջապես դիպչում է մարդու սրտին, ինչը ես շատ եմ սիրում:
-Ձեր առաջիկա ծրագրերից ո՞րը կառանձնացնեք:
-Հունվարից ես ղեկավարելու եմ Տոկիոյի սիմֆոնիկ նվագախումբը, այնուհետև մեկնելու եմ Անգլիա` ղեկավարելու Մեծ Բրիտանիայի ազգային նվագախումբը: Համագործակցում եմ նաև Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ: Վստահորեն կարող եմ ասել, որ նոր ու հետաքրքիր ծրագրեր կլինեն նաև Հայաստանում:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ